National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
05.02.2016
Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ սահմանադրական դատարանի ստեղծման 20-ամյակի առթիվ
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամներին եւ աշխատակազմին` սահմանադրական դատարանի ստեղծման 20-ամյակի առթիվ:

Սահմանադրական դատարանի գործունեությունը սկիզբ դրեց հայրենական սահմանադրական արդարադատությանը` նպաստելով ժողովրդավարության եւ օրինականության ամրապնդմանը մեր երկրում: Սակայն Սահմանադրական դատարանը, ի տարբերություն մյուս դատարանների, չստացավ որեւէ ժառանգություն, որովհետեւ չուներ իրեն նախորդող նմանատիպ ատյան եւ ստիպված էր գործունեությունն սկսել մաքուր թղթից: Ի պատիվ նրա, պետք է ասել, որ արդեն 20 տարի Սահմանադրական դատարանն այդ թղթի վրա թողնում է ուրույն, մնայուն ձեռագիր, որը բարձր է գնահատվել նաեւ միջազգային կառույցների ու միջազգային գործընկերների կողմից:

Այսօր, ի դեմս Սահմանադրական դատարանի, Հայաստանում ունենք կարեւորագույն մի ինստիտուտ, որն իսկապես պաշտպանում է սահմանադրությամբ հաստատված ժողովրդավարական ու պետական կարգը եւ, որ ամենակարեւորն է, քաղաքացու եւ մարդու իրավունքներն ու ազատությունները: Սահմանադրական դատարանն իր ամուր եւ հստակ տեղն է զբաղեցնում պետական իշխանության համակարգում` չմտնելով որեւէ այլ ճյուղի իրավասության մեջ եւ չհավակնելով փոխարինել նրանցից որեւէ մեկին, միաժամանակ, ի զորու լինելով իր որոշումներով ազդել նրանց գործունեության վրա: Այս ատյանին դիմում են թե' քաղաքացիներ, թե' քաղաքական գործիչներ, դիմում են տարբեր, այդ թվում եւ քաղաքական բնույթի հարցերով, սակայն դրանք բոլորն էլ լուծվում են միայն իրավական ճանապարհով եւ իրավական միջոցներով:

Իհարկե, հասարակությունը միշտ էլ ավելի շատ բան է ակնկալում Սահմանադրական դատարանի որոշումներից: Բայց վերջինս մշտապես առաջնորդվում է օրենքով ու իր լիազորություններով` երբեք դուրս չգալով դրանց սահմաններից, չտրվելով զգացմունքների ու պատեհապաշտության:

Սահմանադրական արդարադատությունն օժտված է առանձնահատուկ պատասխանատվությամբ, որովհետեւ Սահմանադրական դատարանի ընդունած որոշումները պարտադիր լինելով իշխանության բոլոր մարմինների ու պաշտոնատար անձանց համար, կարող են ազդել ոչ թե մեկ կամ մի քանի մարդկանց, այլեւ բնակչության ամբողջական շերտերի, եւ նույնիսկ ամբողջ ժողովրդի ու պետության ճակատագրի վրա: Հետեւաբար, Սահմանադրական դատարանի պատասխանատու գործունեությունը պահանջում է նրա անդամների մասնագիտական բարձր պատրաստվածություն, խոր գիտելիքներ, արժանապատիվ պահվածք, հաճախ նաեւ քաղաքացիական խիզախություն:

Եւս մեկ անգամ շնորհավորելով Սահմանադրական դատարանին ստեղծման 20-րդ տարեդարձի առթիվ` մաղթում եմ հաջողություններ եւ հաստատակամություն մեր պետականության ամրապնդման, քաղաքացիների իրավունքների եւ շահերի պաշտպանության պատասխանատու գործունեության մեջ»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am